Նախագիծ
Կուսակցությունների մասին օրենք
Փոփոխությունների հիմնադրույթներ
- Կուսակցություն հասկացության փոխում՝ նպատակը, ոչ թե ընտրություններին մասնակցելն է, այլ գաղափարների տարածումն ու ծրագրերի իրականացումը, նաև ընտրություններին մասնակցելու միջոցով:
- Գործող օրենքով՝ << Կուսակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամավոր միավորում է, որի նպատակը հանրաքվեներին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու եւ հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության այլ ձեւերով ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանն ու արտահայտմանը նպաստելն է:>>
- Առաջարկվում է՝ << Կուսակցությունը միևնույն գաղափարի շուրջ համախմբված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամավոր միություն է, որի նպատակն է այդ գաղափարների տարածումը և ծրագրերի իրականացումը, նաև հանրաքվեներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու միջոցով:
Հիմնավորում՝ Իրականում կուսակցության նպատակը ընտրություններին մասնակցելը չէ: Ընտրությունները պետք է լինեն հասարակության կողմից գաղափարներին տրված գնահատական և ծրագրերի իրականացման համար քաղաքացիների կողմից տրված ժամանակավոր հնարավորություն:
- Վերանայել բոլոր տեսակի քանակային կամ տեխնիկական սահմանափակումները Կուսակցություն հիմնելու և գործելու համար:
2.1 Կուսակցության հիմնադիր անդամներ առնվազն 50հոգի:
2.2 Կուսակցության ղեկավար մարմնի նիստի տեսա-արձանագրության հրապարակում առնվազն ամիսը մեկ անգամ՝ պետական լիազոր մարմնի կողմից հատուկ ստեղծված կայքի միջոցով:
Հիմնավորում՝ Քանակային և տարածքային ստորաբաժանումների պահանջը հնացած և անվերահսկելի է: Պետք է սահմանվեն այնպիսի չափորոշիչներ, որոնք հնարավոր է ստուգել և չեն նպաստի չգործող կուսակցությունների ստեղծմանը:
- Կուսակցությունների հիմնումը պետության կողմից ընդունվում է ի գիտություն:
Հիմնավորում՝ Տալով գրանցելու կամ մերժելու լիազորություն իշխանության որևէ մարմնի՝ մեկ այլ կուսակցության, ստեղծում ենք անհավասարություն և չարաշահումների հիմք: Մշակված չափանիշներին համապատասխանելու դեպքում պետությունը ճանաչում է Կուսակցության գոյությունը, դրանց բացակայության կամ դադարելու դեպքում Կուսակցության գործունեությունը համարվում է դադարեցված:
- Կուսակցությունների կազմակերպչական կառուցվածքը, գործունեության ձևերն ու սկզբունքները, ծրագիրը բացառապես Կուսակցության ներքին իրավասության հարցեր են: Պետությունը չի կարող սահմանել այդպիսի պահանջներ կամ սահմանափակումներ:
- Ծրագրերում կամ գործունեության ընթացքում ՀՀ Սահմանադրության և օրենքներին հակասության դեպքում Պետական լիազոր մարմինը կարող է դիմել դատարան դրանք վերացնելու պահանջով:
Հիմնավորում՝ Միայն դատարանը պետք է ունենա իրավասություն կանոնադրության կամ ծրագրում առկա դրույթները ճանաչել հակաօրինական և պահանջել դրանց փոփոխություն կամ վերացում:
- Կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունները հրապարակային են և տրվում են Պետական Լիազոր մարմնին, որն էլ դրանք պարտադիր դարձնում է հասանելի համապատասխան գործիքների միջոցով:
Հիմնավորում՝ Պետությունը չպետք է պարտադրի ծախսեր կազմակերպություններին մեկ այլ կազմակերպության միջոցով: Հրապարակայնությունը և վերահսկելիությունը ապահովելու նպատակով պետական լիազոր մարմինը պետք է ունենա համապատասխան հարթակ, որտեղ կհրապարակվեն անհրաժեշտ բոլոր հաշվետվությունները թե գործունեության, թե ֆինանսական մասերով:
- Կուսակցությունների պետական բյուջեից ֆինանսավորվում են հավասարաչափ:
Հիմնավորում՝ Կուսակցությունները անհրաժեշտ են պետության քաղաքական համակարգի կայացման և զարգացման համար: Պետական բյուջեն պետք է ֆինանսավորի միայն կուսակցության նվազագույն ծախսերը անուղղակի վճարումների կամ հատկացումների ձևով՝ պահպանելով բոլոր կուսակցությունների իրավահասարության սկզբունքը: Կուսակցության չգործելու դեպքում դադարեցվում է նաև ֆինանսավորումը:
- Կուսակցությունը չի կարող ստանալ մեկ անձից ամսեկան նվազագույն աշխատավարձը գերազանցող գումարից ավել նվիրատվություն:
- Վերացվում է նախընտրական հիմնադրամ, նախընտրական քարոզչություն հասկացությունները: Կուսակցությունը ցանկացած ժամանակ կարող է իրականացնել քարոզչություն: Ընտրությունների ժամանակ Կուսակցությունը կարող է ծախսել միայն իր հաշվին առկա միջոցները:
Հիմնավորում՝ Այս սահմանափակումների շնորհիվ չեն առաջանա նոր կուսակցություններ միայն ընտրություններին մասնակցելու կամ հարուստ անձանց ծառայելու համար և չեն գործի միայն նախընտրական հատվածում: Անհրաժեշտ ֆինանսներ ունենալու համար Կուսակցությունը ստիպված կլինի ծավալել ակտիվ գործունեություն անընդհատ: