ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- Ձևավորվում է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ (ՀԱՀ) քաղաքական խորհուրդը՝ «Արդարություն», «Հայք-հայկազունիներ», «Նժդեհյան ցեղակրոն», «Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ» կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կուսակցությունների ղեկավարները համարվում են ՀԱՀ քաղաքական խորհրդի համանախագահներ։
- «Արդարություն», «Հայք-հայկազունիներ», «Նժդեհյան ցեղակրոն», «Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ» կուսակցությունները որոշում են համատեղել իրենց ջանքերը՝ արդար, բարեկեցիկ, հզոր և ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն կառուցելու գործում և նախաձեռնում են «Համահայկական Ազգային Համաձայնություն» քաղաքական դաշինքի ձևավորումը՝ գաղափարական ութ հիմնադրույթների հիմքով։
- «Արդարություն», «Հայք-հայկազունիներ», «Նժդեհյան ցեղակրոն», «Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ» կուսակցություններն անհրաժեշտություն են տեսնում ձևավորել քաղաքական և հասարակական ուժերի գաղափարական միավորում, որը կքննարկի երկրի առջև ծառացած խնդիրները և կառաջարկի մարտավարական ու ռազմավարական լուծումներ։
- Սույն դաշինքը ձևավորող քաղաքական միավորները կարող են ընդունել համատեղ հայտարարություններ և որդեգրել համատեղ դիրքորոշում՝ այս կամ այն քաղաքական հարցի վերաբերյալ։
- «Համահայկական Ազգային Համաձայնությունը» բաց է բոլոր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների համար, որոնք համակարծիք են դաշինքի սկզբունքային հիմնադրույթների հետ։
Արձանագրելով Հայաստանի Հանրապետության բոլոր ոլորտներում համակարգային և հայեցակարգային մոտեցումների բացակայությունը, արձանագրելով Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունների կողմից Հայաստանի Հանրապետության երեք նախագահների ղեկավարման տարիների (1991-1997թթ․, 1998-2008թթ․, 2008-2018թթ․) անօրինական գործընթացներին քաղաքական գնահատական տալու չկամությունը, արձանագրելով կառավարման անարդունավետությունը, կեղծիքներով ընդունված գործող Սահմանադրության վտանգները, արձանագըրելով Հայաստանի Հանրապետությունում ազգային ինքնության և ազգային արժեքների ոտնահարումը, արձանագրելով Հայաստանի Հանրապետությունում արատավոր վարչաօլիգարխիկ տնտեսաքաղաքական համակարգի առկայությունը, և համարելով, որ անհրաժե՛շտ է այդ համակարգի ապամոնտաժումը՝ իշխանության բոլոր թևերի տարանջատումն ապահովող իրական ժողովրդավարական պետություն կառուցելու համար, ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ դաշինքը առաջնահերթ է համարում հետևյալ քաղաքական ՕՐԱԿԱՐԳԸ՝
- Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդմանը նպաստող ծրագրերի և գործողությունների մշակում,
- Հայաստանի Հանրապետության նո՛ր Սահմանադրության մշակում,
- Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրությունը համաժողովրդական հանրաքվեով հաստատելու ժողովրդական պահանջ,
- Հայաստանի Հանրապետության նո՛ր ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին նո՛ր օրենքի ընդունում։