Հայտարարություն
2019թ քաղաքական գործընթացների վերաբերյալ
Հանուն Հզոր Հայքի
Առաջնորդվելով լավին՝ լավ, վատին՝ վատ ասելու մեր կողմից հռչակված սկզբունքով,
Նպատակ ունենալով ներկայացնել մեր ամփոփ քաղաքական գնահատականը 2019թ քաղաքական գործընթացների վերաբերյալ,
Արձանագրում ենք
որպես դրական՝
- Հարկային օրենսգրքի փոփոխությունների ընդունումը,
- Նախարարությունների թվի կրճատումը,
- Հավասարակշռված արտաքին քաղաքականությունը,
- Անձեռնմխելի անձանց բացառումը՝ թե՛ նախկին, թե՛ ներկա, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ,
որպես բացասական՝
- Դատաիրավական համակարգի բարեփոխումների դանդաղ ընթացքը,
- Համակարգային բարեփոխումների բացակայությունը,
- Արտախորհրդարանական ուժերի, քաղաքացիական հասարակության իրական մասնակցության փոքր հնարավորությունը պետական կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացներին,
- Սահմանադրական դատարանի, Ամուլսարի, Ստամբուլյան կոնվենցիայի և այլ հասարակական հնչողության հարցերի վերաբերյալ կիսատ լուծումները կամ ձգձգումները,
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ կոչ ենք անում
- Արտախորհրդարանական քաղաքական ուժերի մասնակցությամբ ստեղծել <<Ազգային քաղաքական խորհուրդ>>, որին կարող են մաս կազմել նաև Սփյուռքից:
- Ընդունել տնտեսական համաներման որոշում` կամավոր հայտարարագրված գումարները ՀՀ տնտեսությունում նպատակային ներդնելու պայմանով, որը հնարավորություն կտա քաղաքացիներին և պետությանը սկսել նոր տնտեսական հարաբերություններ՝ արդարության պայմաններում:
- ՀՀ կառավարության աշխատակազմում ձևավորել Տնտեսական և քաղաքական ինֆորմացիոն հոսքերի համակարգման և վերլուծության կենտրոն, որը կբարձրացնի տեղեկատվական հոսքերի կառավարման արդյունավետությունը, կապահովի սեղմ ժամկետում դրանց վերլուծությունը և կհանդիսանա որոշումների ընդունման տեղեկատվական գործիքակազմ:
- Սահմանել պետական բարձր պաշտոններում (քաղաքական, վարչական, հայեցողական) նշանակվելու չափանիշներ և ձևավորել համապատասխան կադրերի շտեմարան:
- Ըստ նախարարությունների ստեղծել ոլորտային բարեփոխումների առաջարկների ներկայացման և քննարկման բաց հարթակ, որը կնպաստի և գաղափարների զարգացմանը, և կադրերի ճանաչմանը,
- Սահմանադրության փոփոխության փոխարեն իրականացնել Նոր Սահմանադրություն մշակելու և ընդունելու գործընթաց՝ ապահովելով լայն ներառականություն,
- <<Հայաստան>> Համահայկական հիմնադրամը ձևափոխել ներդրումային հիմնադրամի Բաց Բաժնետիրական Ընկերութան ձևաչափով,
- Նախաձեռնել Համահայկական նշանակության տնտեսական ծրագիր, որը կիրականացվի Բաց Բաժնետիրական Ընկերության ձևաչափով, ՀՀ համար մեծ կարևորություն ներկայացնող խնդրի լուծմանն ուղղված: (Օրինակ Իրան-Հայաստան երկաթգիծ, նոր ատոմակայան և այլն):