Հայտարարություն
Անկախության Հռչակագրի 30-ամյակի առիթով
Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում տեղի են ունենում նոր ու բարդ սոցիալ- քաղաքական, գեոքաղաքական և հոգեբանական պրոցեսներ:
Աշխարհաքաղաքական զարգացումներում նկատվում է, ոչ միայն քաղաքակրթական, այլև երկու առճակատվող ուղղությունների պայքար` գլոբալացում կամ ինքնիշխան ազգային պետությունների համագործակցություն:
Տեսանելիորեն փոխվում են համաշխարհային ուժային կենտրոնները, հրապարակ են ելել նոր խաղացողներ, փոխվում են գերտերությունների քաղաքական և տնտեսական շահերը, աշխարհն այլևս չի կարող լինել միաբևեռ, ճգնաժամ են ապրում արժեքային և կառավարման մոդելները, աշխարհում ընթանում է քաղաքակրթական նոր տիպի մրցակցություն:
Մոլորակի էկալոգիական վիճակը սարսափելու լիակատար առիթներ է տալիս, առանձին երկրներում գլուխ է բարձրացրել ռասիզմը, իսկ ահաբեկչությունը շարունակում է դամոլկյան սրի պես կախված մնալ երկրների գլխավերևում: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը բախում է գրեթե բոլոր երկրների դռները:
Այս ամենը ուղղակիորեն և անուղղակիորեն արտահայտվում է նաև մեր երկրում՝ թողնելով իր հետագիծը քաղաքական և հասարական կյանքի վրա:
Անհրաժեշտություն կա ՀՀ անկախության Հռչակակագրի ընդունման 30-ամյակի նախօրեին ի մի բերել մեր երկրի անցած ուղին, ճիշտ գիտակցել հասարակության և երկրի բոլոր կարևոր հակասությունները և անելիքները:
Արձանագրելով 30 տարին ընդգրկող ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձություններին քաղաքական գնահատական տալու կարևորությունը,
Արձանագրելով խնդիրների բացարձակ մեծամասնության ոչ թե անձնային այլ համակարգային բնույթը,
Նպատակ ունենալով արձանագրել պետական և հասարակական կարևորագույն ոլորտներում առկա վիճակը, դրանց պատճառները և լուծման ուղիները,
Նպատակ ունենալով նպաստել իրական քաղաքական օրակարգի ձևավորմանը,
Կարևորելով համագործակցությունը ՀՀ բոլոր քաղաքական միավորների միջև
Հայտարարում ենք՝
- 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրից մինչև 1991թ. ՀՀ Անկախության հռչակումը ընտրողների 99,5% կողմ ձայներով համարում ենք ՀՀ քաղաքացիների և հայ ազգի մեծագույն ձեռքբերումներից մեկը,
- 1988-1994թթ. Արցախյան ազատագրական պատերազմում հայ ժողովրդի ռազմական հաղթանակները համարում ենք համահայկական պայքարի փայլուն արդյունք, որը ցավոք մինչև այսօր չի ստացել իր քաղաքական լուծումը նաև ՀՀ քաղաքական իշխանությունների սխալների ու բացթողումների պատճառով,
- Տեղի ունեցած ՀՀ Սահմանադրության ընդունման և փոփոխման երեք հանրաքվեները (1995թ, 2005թ, 2015թ.) համարում ենք ոչ ազատ և դրանց արդյունքները ոչ վստահելի,
- Տեղի ունեցած բոլոր մակարդակի (տեղական, ԱԺ, Նախագահական) ընտրությունները համարում ենք ոչ ազատ, ոչ ժողովրդավարական, հրապարակված արդյունքները ոչ վստահելի,
- Արձանագրում ենք, որ քաղաքական համակարգի փոփոխությունները մեծամասամբ չեն նպաստել իրավական, սոցիալական, Ժողովրդավարական պետության կայացմանը, այլ ծառայել են տվյալ ժամանակահատվածի քաղաքական և տնետեսական վերնախավի նեղ-անձնական շահերին,
- Արձանագրում ենք, որ սեփականաշնորհման գործընթացը և տնտեսական բարեփոխումները անցկացվել են Անկախության Հռչակագրի կոպիտ խախտումներով, դրանց անցկացման ձևերն ու եղանակները համարում ենք ոչ արդար, որը հանգեցրել է ազգային հարստության համատարած թալանի:
- Արձանագրում ենք Արդարադատության համակարգի չկայացածությունը, ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնության կողմից անվստահությունը տվյալ համակարգի բոլոր մարմինների նկատմամբ,
- Արձանագրում ենք կրթական, մշակույթային, սպորտային, սոցիալական, առողջապահական համակարգերի շատ վատ՝ անմխիթար վիճակը,
- Բարձր գնահատելով հայ ժողովրդի վերաբերմունքը բանակի նկատմամբ, զինվորների և սպաների բացարձակ մեծամասնության անձնազոհ նվիրումը հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, արձանագրում ենք բանակի բարձրագույն որոշ ղեկավարների կողմից կոռուպցիայի, թալանի, ամենաթողության բազմաթիվ դեպքեր՝ խիստ դատապարտելով նման երևույթները,
- Արձանագրում ենք քաղաքական չբացահայտված սպանությունների, բանակում իրականացված սպանությունների և խիստ կասկածելի ինքնասպանությունների բազմաթիվ փաստեր՝ խստագույնս դատապարտում ենք իրավապահ համակարգին չբացահայտելու կամ որ ավելի դատապարտելի է կոծկելու, հետևաբար հանցակից դառնալու արատավոր գործունեության համար:
Վերլուծելով և գնահատելով ներկայումս Հայաստանին նետված մարտահրավերները, որոնք դրսևորվում են
Արտաքին քաղաքականության ոլորտում` աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումներում անվտանգության սպառնալիքներով, ՀՀ-ի սահմանին Ադրբեջանական զինուժի ռազմական հարձակողական գործողություններով, թուրք-ադրբեջանական զորավարժություններով և այլ ագրեսիվ գործողություններով, տարածաշրջանային ուժային խաղացողների փոխհամաձայնություններով,
Ներպետական կայանքում
Ներպետական և հասարակական իրավիճակի ամենամտահոգիչ հանգամանքն այն է, որ իշխանությունները ընկել են իրենց իսկ խոստացած ամբոխահաճո, անպատասխանատու և անիրական խոստումների ծուղակը և ոչ կարողանում են հրաժարվել դրանցից և ոչ էլ հասնել գոնե ինչ-ինչ էական, շոշափելի արդյունքների: Եվ այս ամենի հետևանքը եղավ այն, որ մեր երկրի համար հույժ կենսական հակակոռուպցիոն պայքարը, փաստորեն, վերածվեց էժանագին ֆարսի:
Քաղաքական առավել առաջադեմ կերպարով ներկայանալու և նոր պրոցեսներ գեներացնելու խնդրադրությամբ իր գործունեությունը սկսած նոր կառավարությունը, որի կարիքը մեր հասարակությունը իրավամբ ուներ, մտավ անմիտ փորձարկումների և տարերային գործողությունների տիրույթ և իր ռիսկային և չպատճառաբանված քայլերով հրահրեց բազմապիսի դժգոհություններ գրեթե բոլոր ոլորտներում: Սրա արդյունքն էլ եղավ այն, որ նորի գաղափարը արժեզրկվեց հիմնովին:
Ելնելով նշված իրողություններից գտնում ենք՝
2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանում պատմական հնարավորություն էր ստեղծվել պետականաշինությունը շարունակել մաքուր էջից: Անցյալի իրողությունները, գործիչների առանձին քայլերը գնահատելով իրենց պատմա-քաղաքական և սոցիալ-հոգեբանական հատվածի առանձնահատկությունների, դրական կամ արատավոր շրջագծի մեջ, իշխանությունը չէր հակադրի ներկան և անցյալը, մարդկանց չէր վերածի <դատողների և դատվողների>, արդարների և անարդարների, ազնիվների և սրիկաների: Մենք կարծում ենք, որ բոլոր հիմնար փոփոխությունների հիքում առաջին հերթին պետք է լինի նոր և որակյալ <<խաղի կանոների>> հստակեցումը: Պետություն և հասարակություն պայմնագիրը պետք է հիմնված լինի բոլոր կողմերի համար հասկանալի և ընդունելի տարբերակի վրա:
Մենք խիստ մտահոգիչ ենք համարում իշխանական օղակների և ընդդիմադիրների միջև բոլոր հասկանալի սահմաններն անցած, այլևս բացահայտ թշնամական գործելակերպի և քարոզչության բոլոր դրսևորումները: Թույլ և ցածրակարգ պետության իմիջը բոլորիս վնասն է ու թշնամին:
Առաջարկում ենք <<Համերաշխության ֆորում>> խորագրով մի անկեղծ հանդիպում բոլոր կողմերի մասնակցությամբ: Եթե սա չարվեց, եթե կողմերը շարունակելու են <<գուրգուրել>> ատելության մթնոլորտը, կնշանակի մեր քաղաքական վերնախավը և հասարակությունը այդպես էլ քաղաքական հասունացում չեն ապրել, իսկ Հռչակագիրն էլ կմնա սոսկ թղթի կտոր:
Արժևորելով զրկանքներով և կորուստներով ձեռքբերումները՝
Շնորհավորում ենք մեր հայրենակիցներին և Հայաստանի բնակչությանը Հայաստանի Անկախության Հռչակագրի 30 ամյակի առթիվ և Հանուն Հզոր Հայքի, համազգային համերաշխության, ժողովրդի բարեկեցության, առաջընթացի, մեր ազգային նպատակների իրագործման և հայության հարատևման, հետայսու ևս կսատարենք և կհամագործակցենք ազգային ինքնության գիտակցությամբ, պետական ինքնիշխանության հենքով առաջնորդվող ներպետական և արտաքին այն քաղաքական ուժերի հետ, որոնք կողմնակից են միջազգային հարթակներում ազգային պետությունների արժանապատիվ համագործակցությանը:
Աշխարհասփյուռ հայություն ունեցող պետությունը ի տես և ի լուր ամենքի պետք է ապացուցի, որ խորությամբ գիտակցում է կազմակերպված ազգ լինելու անհրժեշտությունը, մանավանդ աշխարհի նորօրյա դժվարին ու վտանգավոր մարտահրավերների պայմաններում:
Եվ վերջապես, ի՜նչ նշանակություն ունի Հայաստանում 10, 20 թե 500 միլիոն դոլարի ներդրում է արվում, եթե այն թալանվելու է, ի՜նչ նշանակություն ունի ազգը 3 թե, 30 միլիոն է, եթե կազմակերպված չէ: Բուն խնդիրը՝ առավել կազմակերպված ազգերի ու պետությունների ձեռքին խաղալիք չդառնալն է: Հետևաբար, Հռչակագրի ընդունման 30 ամյակի օրը մեկ անգամ ևս հիշենք ու գիտակցենք, որ
հայն ուժեղ է, երբ օրինասեր է,
հայն ուժեղ է, երբ արդարամիտ է,
հայն ուժեղ է, երբ կազմակերպված է:
Մեր պետության Հռչակագրի առաջին պատգամը հենց սա է, տեր լինենք այս պատգամին: