Հայտարարություն
Հանուն Հզոր Հայքի 18.06.2020թ.
Անկախության հռչակումից ի վեր Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է բացառիկ նշանակության միավորների օտարում, արհեստականորեն երկրի արտաքին պարտքի ավելացում ու բյուջեի մսխում, երկրի կառավարման ինստիտուտների անէացում, ազգային և պետական շահերի նկատմամբ որևէ աղերսներ չունեցող քաղաքական դաշտի կայացում:
Ի սկզբանե, իրականացվեց ազգաբնակչության ունեզրկում, շարունակական կեղծ ընտրություններով ապազգային իշխանությունների ձևավորում, որոնք ապահովեցին ազգային ինքնության՝ արժեհամակարգի անթաքույց ոտնահարում ու ոչնչացում:
Արդյունքում ՀՀ-ում ձևավորված քաղաքական դաշտը հիմնականում ոչ թե հետապնդում և սպասարկում է ազգային-պետական շահը, այլ տեղական քողարկված տնտեսա-կլանային խմբավորումներին և օտարերկրյա ուժերին, որի համար հիմք է ծառայում նաև այսօրվա Սահմանադրությունը։
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության նկատմամբ արտաքին սպառնալիքները՝ շրջափակման ու պատերազմական իրավիճակում լինելը,
Գնահատելով Հայաստանի Հանրապետությունում տնտեսական, սոցիալական, կրթագիտական, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքական ասպարեզներում ձախողումներն ու երեք տասնամյակների ընթացքում կուտակված խնդիրները,
Բնութագրելով իրավիճակը որպես Սահմանադրական ճգնաժամ,
Մտահոգված՝ հասարակության պառակտվածության փաստով և ահագնացող զարգացումներով հղի գործընթացների վտանգով,
Կողմ լինելով քաղաքական իշխանության և տնտեսական գործունեության տարանջատմանը,
Կոչ ենք անում
- ՀՀ բոլոր քաղաքական ուժերին և միավորումներին, հանդես գալ համատեղ քաղաքական գնահատականով 1991-2018թթ-ի իրադարձությունների և գործընթացների վերաբերյալ,
- ԱԺ-ին, ընդունել համաներում նախկինում տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացների խախտումներում ներգրավված անձանց նկատմամբ՝ հաշվի առնելով տվյալ ժամանակահատվածում գործած կարգերը և պայմանները, ինչպես նաև ներգրավված մարդկանց հսկայական քանակը,
- ԱԺ-ին, ընդունել ունեցվածքի և գույքի օրինականացման մասին օրենք՝ սահմանելով փոխհատուցման անհատական մեխանիզմներ և ժամանակացույց: Փոխհատուցում պետք է ստանան նաև անհատները, ում նկատմամբ տեղի են ունեցել ունեզրկման և այլ տնտեսական հանցագործություններ: Պետական վնասի փոխհատուցման գումարները ուղղել հատուկ ստեղծված <<Համահայկական ներդրումային հիմնադրամ>>, որի բաժնետերեր պետք է լինեն ՀՀ բոլոր քաղաքացիները,
- ՀՀ բոլոր քաղաքացիներին, հարգել գործող օրենքները, չդառնալ քաղաքական շահարկումների խաղալիք, չվտանգել և սեփական, և հարազատների առողջությունը, հետևել իրավական գործընթացներին և դրանց արդյունքում նոր կայացնել քաղաքական եզրակացություններ և որոշումներ:
<<Արդարությունից ավելի բարձր արժեք չկա, հանուն որի արժե պայքարել, և այնտեղ, ուր Արդարությունը խախտված է, ամեն բան սխալ է այլևս>>:
<<Արդարություն>> կուսակցության
քաղաքական խորհուրդ