Այլևս փաստ է, որ տալով մեծ թվով մարդկային կորուստներ, պարտվեցինք թշնամուն,՝ նրան թողնելով նաև Արցախին անվտանգության գոտի ծառայող տարածքները, ինչպես նաև՝ մեր սուրբ հողից մի քանի կտոր՝ Շուշին, Հադրութը, գյուղեր տարբեր տեղերում:
Մեծ սխալ է կարծել, թե սա միայն ռազմաքաղաքական պարտություն էր, ամենևին, սա մեր նախկին և ներկա բազում պարտությունների դաժան վավերագրումն էր ու հանրագումարը: Այսինքն՝ մենք պարտված էինք մինչև վերջին պատերազմի արյունահեղ մարտերը:
Մենք սկսեցինք պարտվել դեռևս 1994թ սկսած, երբ որոշեցինք, որ ջախջախված Ադրբեջանին շատ մեծ ժամանակ է պետք իրեն պարզելու համար և հաղթողի ինքնագոհությամբ բթացրինք մեր ռազմական զգոնությունը:
Մենք պարտվեցինք այն պահին, երբ տեսանք, թե ինչպես են բանակին որևէ լուրջ ծառայություն չմատուցած, զինվորական բարձր որակավորում և գիտելիքներ չունեցող, վառոդի հոտ չշնչած մարդիկ դառնում բանակի գեներալներ, իսկ այնուհետև՝ ուսադիրավոր օլիգարխներ:
Մենք չտեսնելու տվեցինք այն, որ Ադրբեջանը զոր ու գիշեր լցնում է իր պահեստները նոր ու նորագույն ռազմական տեխնկայով, բայց այդուհանդերձ, չարդիականացրինք մեր Զինված ուժերը ինչպես հարկն է:
Մենք պարտվեցինք այն պահին, երբ չկարևորեցինք այն իրողությունը, թե ինչի է ընդունակ Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված ռազմա-քաղաքական դաշինքը: Մենք պարտավոր էինք զգոն լինել, տեսնել, թե ինչպես են նրանք առաջ մղում սեփական շահերը և մտածել մեր հակաքայլերը:
Մենք պարտվեցինք, որովհետև զգոն չէինք ու չէինք փորձում լրջորեն հասկանալ, թե ինչ է կատարվում աշխարհում, տարածաշրջանում և իհարկե՝ մեր հասարակության ներսում:
Մենք պարտվեցինք այն օրը, երբ չհասկացանք, թե ինչ աղետների է բերելու թույլ պետությունը՝ իր շարունակաբար տեղի ունեցող կասկածելի ընտրություններով, իշխանությունների հանդեպ վստահության խրոնիկական պակասով:
Մենք պարտվեցինք այն պահին, երբ մշտապես նայելով մեր երկրի խղճուկ բյուջեներին, հուսահատեցնող ՀՆԱ-ին, մեզ հաշիվ չտվեցինք:
Մեր պարտության ամենաանփառունակ մեկնարկը եղավ համակարգային կոռուպցիային և մոլեգնող կաշառակերությանը հանգիստ նայելը, և հաճախ նաև դրանց մաս կազմելը:
Մենք գրեթե ամեն օր պարտվում էինք, երբ հանդուրժում էինք, թե ինչպես են երկրի նախագահները ստեղծում օլիգարխների սեփական <<ջոկատները>>, երբ ոլորտները ձախողած կամ հիմնահատակ լափած պաշտոնեաները պաշտպանություն էին գտնում հենց երկրի ղեկավարների թևի տակ:
Հետո սկսեց պարտությունների նոր <<շքերթը>>՝ խոշոր ձեռնարկությունները ոչ այնքան նպաստավոր պայմաններով տրվեցին օտար երկրների տնօրինությանը, հանքարդյունաբերության մեջ եղան խայտառակ գործարքներ, որոնք այսօր արդեն դարձել են փակուղի՝ թե պետության և թե հասարակության համար:
Մեր պարտությունն ու անզորությունը արտացոլվում էր ամենուրեք՝ կրթության, առողջապահության, մշակույթի և մյուս ոլորտներում, քանզի քաջություն չունեինք խոստովանելու, որ երկիրը չունի ոլորտների զարգացման ճշտված կոնցեպտներ, կառավարման և պրոցեսների վերահսկման հուսալի համակարգ, և որ իրավական ոլորտը և արդարադատությունը այլևս գրպանային են:
Մեր պարտության հիմնաքարերից մեկը դրվեց այն ժամանակ, երբ պետության կառավարման համակարգում և հասարակության բոլոր սոցիալական շերտերում մի կողմ շպրտվեց պետական մտածողություն ձևավորելու հույժ կենսական գործը և այն փոխարինվեց մանր ու ճղճիմ խնդիրներով, իսկ լավագույն դեպքում՝ եղավ պետական մտածողության ողորմելի իմիտացիա:
Մենք պարտված ենք նաև այսօր, երբ <նախկիններ և նորեր> հրեշավոր հակամարտությամբ ստեղծել ենք մի վտանգավոր ծուղակ:
Կարելի է շատ երկար թվարկել պարտությունների ցանկը, բայց դա այլևս ոչինչ չի ավելացնի ասվածին: Մնում է եզրակացնել՝ <<այդ մենք չենք պարտվել, այդ մեր արժեհամակարգն է պարտվել, ազգային և հանրային աշխարհայցքն ու գիտակցությունն է պարտվել…>>:
Եվ այսուհանդերձ կա ելք, որովհետև այսքան պարտություններից հետո պարզապես անկարելի է հաղթել չսովորել: Այո, կա հնարավորություն դուրս գալ այս պարտությունների ծուղակից և վերածնել երկիրը նորովի, այն տանել առողջացման և զարգացման:
<<Արդարություն>> կուսակցությունը դիմում է քաղաքական կոնստրուկտիվ ուժերին, մտածող և մտահոգ մարդկանց մեկտեղել ուժերը երկրի առջև ծառացած խնդիրների ու ծանրագույն հոգսերի ամբողջական պատկերը հասկանալու, դրանց պատճառները ախտորոշելու և հետագա գործողությունների նպատակով նոր քաղաքական պլատֆորմ մշակելու համար: