Հանուն Հզոր Հայքի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Զարգացած պետության, արդար հասարակության ստեղծումն ու առաջընթացը մեր ժողովրդի բարգավաճման, ազգերի համաշխարհային հանրակցության մեջ իր արժանապատիվ տեղը զբաղեցնելու անհրաժեշտ նախադրյալն է:
Այս առումով ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխումը հույժ կարևոր նշանակություն ունի:
Համոզված ենք, որ իրավական, ժողովրդավարական պետության կայացման գործում, պետական շինարարության առաջին անհրաժեշտ քայլերից մեկը ընտրությունների մասին այնպիսի օրենք ընդունելն է, որը ընտրական գործընթացի բոլոր փուլերում հուսալիորեն կփակի կեղծիքի, կաշառքի և ահաբեկության ճանապարհը:
Նպատակ ունենալով նպաստել արդար ընտրությունների կազմակերպման գործընթացին <<Արդարություն>> կուսակցությունը հայտարարում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկմանը իր ակտիվ մասնակցության պատրաստակամության մասին և ներկայացնում է իր առաջարկները՝
- Կիրառել պարզ համամասնական ընտրակարգը փակ ցուցակներով:
Հիմնավորում – Խորհրդարանական կառավարման համակարգով երկրներում առավել կարևոր է Կուսակցությունների կայացումն ու զարգացումը: Ցանկացած այլ ընտրակարգի դեպքում բարձրանում է անհատների դերը, որը խանգարելու է Կուսակցությունների կայացմանը և զարգացմանը:
- Անցողիկ շեմը սահմանել 3%:
Հիմնավորում – Շատ կարևոր ենք համարում ընտրողների կամքի իրական արտահայտմամբ ԱԺ-ի ձևավորումը, հետևաբար որքան քիչ լինեն արհեստական արգելքները այնքան ավելի իրական պատկեր կստանանք արդյունքում: Սահմանադրական համապատասխան փոփոխություններից հետո հասնել <<անցողիկ շեմ>> հասկացության վերացմանը:
- Ընտրությունների արդյունքում մինչև 3% ձայն հավաքած կուսակցություններին հնարավորություն ընձեռել միավորվել դաշինքներում և գումարային ձայների համամասնությամբ ներկայացված լինել ԱԺ-ում:
Հիմնավորում – Այս առաջարկը նույնպես կնպաստի Կուսակցությունների կայացմանը, ինչպես նաև ընտորողի ձայնի չփոշիացմանը:
- Նախընտրական շրջանում արգելել թեկնածուի, կուսակցության կամ դրանց հետ փոխկապակցված անձանց կամ կառույցների բարեգործական նախաձեռնությունները կամ այդպիսի խոստումները:
Հիմնավորում – Ընտրակաշառքի թաքնված ձևերի բացառմանը նպաստելու համար:
- Նախընտրական ծրագիրը ճանաչել որպես պաշտոնական փաստաթուղթ:
Հիմնավորում – Սահմանելով Նախընտրական ծրագրի հստակ ձևաչափ և պահանջներ՝ հնարավորություն կտանք ընտրողին առավել հստակ ընտրություն կատարել ծրագրերի միջև, այլ ոչ թե PR տեխնոլոգիաների միջոցով ենթարկվել մանիպուլյացիաների:
- Ներդնել կուսակցությանը անվստահություն հայտնելու, պատգամավորին հետ կանչելու մեխանիզմ:
Հիմնավորում – Ծրագրից և խոստումներից էական շեղումների, քաղաքական նոր իրողությունների պայմաններում հնարավորություն ստեղծել առանց լուրջ ցնցումների ունենալ ՀՀ Քաղաքացու իրական կամքը արտահայտող Ազգային Ժողով:
- Ընտրական բոլոր մակարդակի հանձնաժողովները ձևավորել ոչ կուսակցական սկզբունքով՝ ապահովելով ընտրության բոլոր մասնակիցների հավասարությունը:
Հիմնավորում – Հանձնաժողովները ձևավորելով Աժ-ում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչներով՝ ստեղծում ենք անհավասար մրցակցային պայմաններ ընտրությունների մասնակից մյուս կուսակցությունների համար:
- Սահմանել ԱԺ նիստերից բացակայությունների դեպքում օրենքի ուժով պատգամավորի լիազորությունների դադարեցման ընթացակարգ՝ անկախ բացակայության պատճառներից (բացառությամբ պատգամավորի գործունեության հետ կապված գործուղումների):
Հիմնավորում – Բացառել բոլոր այն անձանց ներկայությունը ԱԺ-ում, որոնք չեն զբաղվում օրենսդիր քաղաքական գործունեությամբ:
- Օրենքով սահմանափակել պատգամավորի և նրա հետ փոխկապակցված անձանց պատկանող ընկերությունների մասնակցության չափը պետական գնումների գործընթացին:
Հիմնավորում – Բացառել բոլոր այն անձանց ներկայությունը ԱԺ-ում, ովքեր նպատակ ունեն պատգամավորի մանդատը օգտագործել տնտեսական առավելություններ ստանալու նպատակով: