2021 թվականի մարտի 9-ին Ազգային ժողովում շրջանառվեց Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխությունների նախագիծը: Ապրիլի 1-ին խորհրդարանն ընդունեց այդ նախագծի մի մասը, որով նախատեսվում է վերացնել «ռեյտինգային» ընտրակարգը և գալիք արտահերթ ընտրություններն անցկացնել սովորական համամասնական ընտրակարգով:
Ողջունելով «ռեյտինգային» ընտրակարգից հրաժարումը և հորդորելով հանրապետության նախագահին օր առաջ ստորագրել նշված օրինագիծը՝ կարևոր ենք համարում ընդգծել ընտրություններից առաջ ընտրական բարեփոխումներն ավարտին հասցնելու անհրաժեշտությունը:
Հատկապես կարևորում ենք Ազգային ժողովի առաջիկա ընտրություններից առաջ փոփոխել ընտրական օրենսդրության հետևյալ հարցերին վերաբերող դրույթները.
- Անցողիկ շեմի նվազեցում, որպեսզի ապահովվի ձևավորվելիք խորհրդարանի առավել համամասնականությունը:
- Ընտրական գրավի նվազեցում, որպեսզի ընտրություններին կուսակցությունների մասնակցությունն առավել քիչ կապվի վերջիններիս ֆինանսատնտեսական կարողությունների հետ:
- Նախընտրական քարոզչության կանոնների հստակեցում ու ժամկետի երկարացում, որպեսզի մրցակցությունը լինի առավել քաղաքական և նվազ ռեսուրսային:
- Նախընտրական քարոզչության ֆինանսավորման կարգի հստակեցում ու ապահովում, որպեսզի հնարավորինս կանխարգելվի օլիգարխիկ և օտարերկրյա միջամտությունը նախընտրական քարոզչությանը:
- Վարչական ռեսուրսի սահմանում ու չարաշահման արգելում, որպեսզի նվազագույնի հասցվի վարչական ռեսուրսին տիրապետող ուժերի կողմից դրանով պայմանավորված առավելություն ստանալը:
Նշված փոփոխությունների ընդունումը անհրաժեշտ պայման ենք համարում ընտրությունների ժամանակ քաղաքական, ծրագրային ու գաղափարական մրցակցության խթանման համար:
Ըստ այսմ՝ կոչ ենք անում.
- Ազգային ժողովին՝ օր առաջ ընդունել Ընտրական օրենսգրքի, Քրեական օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխությունների փաթեթը` սահմանելով, որ վերոնշյալ 5 կարգավորումներն ուժի մեջ մտնեն առաջիկա ընտրությունների ժամանակ:
- Հանրապետության նախագահին՝ հրապարակավ պարտավորություն ստանձնել առ այն, որ օրենսդրական փաթեթի ստորագրման հարցը կլուծվի այնպիսի ժամկետներում, որ այն ուժի մեջ մտնի նախքան ընտրությունների նշանակումը:
Արթուր ԲԱԼՈՅԱՆ/ «Արդարություն» կուսակցություն
Պետրոս ՄԱԿԵՅԱՆ /«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն
Անդրիաս ՂՈՒԿԱՍՅԱՆ /Հայ կառուցողական կուսակցություն
Միքայէլ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ /Պահպանողական կուսակցություն