<<Արդարություն>> կուսակցության հայտարարությունը
Երևան քաղաքի աղբահանության հետ կապված
Արձանագրելով անցած մրցույթների և դրանց արդյունքում աղբահանության ոլորտում արհեստական մենաշնորհի ձևավորման բացասական գործընթացը,
Ի նկատի ունենալով գործող պայմանագրի թերությունները և աշխատանքների կատարման վատ որակը,
Դատապարտելով որոշ շրջանակների կողմից խնդրի շուրջ Երևան քաղաքի նոր ղեկավարությանը ներկայացված չհիմնավորված մեղադրանքները և տեղեկատվական ակնհայտ ուղղորդված աղմուկը, դիտավորյալ վնասարարությունը,
Ողջունելով Երևան քաղաքի նոր ղեկավարների աշխատանքը խնդրի կարգավորման ուղղությամբ,
Հանուն Հզոր Հայքի
Կոչ ենք անում
- Երևան քաղաքի բոլոր բնակիչներին խնայողաբար վերաբերվել տեղադրված աղբամանների նկատմամբ,
- Աղբը նետել դրա համար նախատեսված վայրերում՝ աղբամանների մեջ, համապատասխան տոպրակներով փաթեթավորված,
- Բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում հրապարակային անդրադարձել են այս խնդրին բացասական առումով, հիմա էլ հրապարակային արձանագրեն խնդրի կարգավորման փաստը:
Երևան քաղաքի իշխանություններին առաջարկում ենք
- Աղբը հավաքելուն զուգահեռ կազմակերպել նաև աղբամանների համապատասխան նյութերով լվացման աշխատանքներ՝ հոտի վերացման և մաքուր տեսքի բերելու նպատակով,
- Աղբամանները նախատեսել ըստ աղբի տեսակի տեսակավորման համար,
- Ազատականացնել աղբի հավաքման ծառայություն մատուցելու գործընթացը՝ տալով հնարավորություն ցանկացած կազմակերպության, կնքելով համապատասխան պայմանագրեր, իրականացնել այդ գործունեությունը, վճարելով ըստ հավաքված և տեղափոխված աղբի տեսակի և քանակի,
- Ակտիվացնել աղբի վերամշակմանն ու թափոնների կրճատմանն ուղղված գործընթացները: