Հայտարարություն
Գույքահարկի փոփոխությունների մասին
Հանուն Հզոր Հայքի
Պետությունը կարող է հզոր լինել երբ հարուստ է և ունի պահանջատեր ու պատասխանատու Քաղաքացիներ:
Պետության միջոցները հիմնականում գոյանում են հարկերից:
Բոլորս ենք պարտավոր վճարել հարկեր մեր ունեցվածքին՝ գույքին, նյութական արժեքներին և եկամուտներին համապատասխան:
Մարդու սոցիալական վիճակը պետք է որոշվի ոչ միայն այդ պահին ստացվող եկամուտներով, այլև նրա կողմից տիրապետվող գույքով, դրամական միջոցներով և այլ նյութական արժեքներով:
Չի կարելի այսրոպեական, նեղանձնական, քաղաքական շահերից ելնելով վարկաբեկել այնպիսի գաղափարներ և բարեփոխումներ, որոնք կենսական կարևորություն ունեն պետության հզորացման համար:
Հաշվի առնելով վերը շարադրյալը
Կոչ ենք անում բոլոր քաղաքական միավորներին և անհատներին
- Դադարեցնել քարոզչական այնպիսի քայլերը, որոնք խրախուսում են հարկերի չվճարում, պետության և պետական ինստիտուտների նկատմամբ անհարգալից վերաբերմունք:
- Մշակել և հրապարակել առաջարկներ, որոնք կնպաստեն բարեփոխումների ընթացքում առաջացող խնդիրների և դժվարությունների հաղթահարմանը, ոչ թե պահանջել բարեփոխումների չեղարկում:
Առաջարկում ենք
- Մինչև 1991թ. կառուցված շենքերում բնակարանների համար, որոնց սեփականատերը չի փոխվել կամ ժառանգություն է ստացել, գույքահարկի նոր դրույքաչափը կիրառել աստիճանաբար ավելացնելով 10 տարվա ընթացքում: Այդ ընթացքում օտարման դեպքում նոր դրույքաչափը կիրառել օտարման օրվանից: Նշված տարբերակումը կիրառել միայն բնակարանների վրա, ավտոտնակները և այլ շինությունները հարկվում են նոր համակարգով:
- Սահմանել անհատական մոտեցման համակարգ, երբ Քաղաքացին կարող է դիմել համայնքին և նրա անհատական որոշմամբ ստանալ որոշակի հետաձգումներ, զեղչեր և այլ արտոնություններ:
- Գույքահարկի գծով հավաքվող գումարների ծախսման համար սահմանել հստակ ուղղվածություն՝ բնակֆոնդի թարմացում, բարեկարգում, զարգացում:
- Բարեփոխումները պետք է իրականացվեն համալիր՝ եկամտահարկ, շահութահարկ, գույքահարկ, եկամուտների և գույքի համընդհանուր հայտարարագրում, բժշկական և կենսաթոշակային պարտադիր ապահովագրություն և այլն, ուստի հանրային լայն քննարկմամբ արագացնել գործընթացները մյուս ուղղություններով նույնպես՝ վերջնական փաթեթային բարեփոխումները ներդնելով 3-5 տարվա ընթացքում:
01.07.2020թ.