Արդարություն բնորոշում է երևույթների այնպիսի վիճակ, որը համարվում է պատշաճ և համապատասխանում մարդու, մարդկային հանրության գոյության ու բնականոն զարգացման պահանջներին։ Արդարությունը ենթադրում է այնպիսի առնչություն, որի հիմքում ընկած է հասարակության շահը և որը ճիշտ է, պատշաճ, բանական, բնականոն, բարոյական, գեղեցիկ։ Արդարությունը պահանջում է ներդաշնակություն ու համապատասխանություն տարբեր անհատների իրավունքի և պարտականության, աշխատանքի և վարձատրման, հանցանքի և պատժի, ծառայության և հասարակական պարտքի միջև։ Այդ հարաբերությունների անհամապատասխանությունը գնահատվում է որպես անարդարություն։
Արդարության ելակետը, դրդապատճառը և նպատակը մարդն է։
Արդարությունը բացարձակ չէ, այն ունի կոնկրետ պատմական որոշակիություն և հասարակության զարգացման համեմատ հարաբերականորեն փոխվում Է։
Արդարությունը դիտվում է որպես այնպիսի հասարակական հարաբերություններ, որոնք յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն են տալիս հավասար պայմաններում ապրել ու աշխատել, ուսում ստանալ ու բուժվել, տնտեսական, մշակութային գործունեություն ծավալել, ունենալ նույն սոցիալական ապահովվածությունը: Արդար չի կարող լինել այն հասարակարգը, որտեղ մարդկանց մի մասը մյուսին զրկում է աշխատելու և ստեղծագործելու հնարավորությունից:
Արդարությունը այն Բարոյական իրավիճակն է, ուր առավելապես պիտի դրսևորվեն Երկիր օրգանիզմի բոլոր օրգանական մասերի որակական ամբողջությունները: Քանի որ Երկիր օրգանիզմի օրգանական մաս և նրա առողջության համար 1 պատասխանատուն Մարդկությունն է, ապա նրա համար Արդարությունը այն Բարոյական իրավիճակն է ուր առավելապես պիտի դրսևորվեն նրա մասերի՝ Էթնոսների որակական ամբողջությունները:
Մարդիկ միշտ ձգտել են հավասարության և արդարության, քանի որ դրանց ապահովումը լավ հասարակություն կառուցելու նախապայմանն է։
Արդարության գաղափարի հիմքում ընկած է արդարացի, անաչառ լինելը։
Քաղաքացուց ակնկալվում է, որ իր գործողությունների կամ հասարակական տարբեր խնդիրների քննարկման ու լուծման ժամանակ նա միշտ մտածի ներդաշնակ պայմանների, արդար և առաքինի գործողությունների մասին։
Արդարության գաղափարի կարևորագույն առանձնահատկություններից է մարդկանց, նրանց արածը միևնույն չափանիշով գնահատելը, տարբերություն չդնելը։ Դատավորն ունի մեկ կշեռք, որով կշռում է հարուստին և աղքատին, մեծին և փոքրին։ Նրա դատավճիռը պետք է պայմանավորված լինի ոչ թե անհատով, այլ գործի հանգամանքներով։ Այսինքն՝ մարդուն գնահատելու, դատելու համար դիտարկում ենք նրա վարքագիծը, նրա կատարած գործողությունը և դրա արդյունքը, ոչ թե այդ մարդուն՝ ըստ իր հատկանիշների(սեռ, տարիք, հասարակական պատկանելություն և այլ)։
Արդարացի է, որ սոցիալական աջակցություն ցուցաբերվի խոցելի խմբերին՝ անապահով մարդկանց, ընտանիքներին, հաշմանդամներին։
Արդարացի է, երբ սխալ գործողը պատժվում է իր արարքի համար, իսկ նրանք, ովքեր նման սխալներ չեն գործել, չեն պատժվում
Արդարացի է, երբ նրանք, ովքեր ավելի շատ ջանք են ներդնում ընդհանուր գործի հաջողության համար, մյուսներից ավելի բարձր գնահատականի կամ վարձատրության արժանանան։
Երբ եկամուտների և ունեցվածքի անհավասար բաշխումը հասարակությունը բաժանում է երկու խմբերի՝ մեկը, որ տալիս է, իսկ մյուսը, որ ստանում է հրահանգներ՝ սահմանափակվում են օրինական հավասար իրավունքները և անխուսափելիորեն առաջ է գալիս անարդարություն: Այդ իսկ պատճառով արդարությունը պահանջում է եկամուտների, ուժի և սեփականության արդարացի բաշխում:
Նվաճումները պետք է ընդունվեն և հարգվեն: Նվաճումների վրա հիմնված եկամուտների և սեփականության բաշխումը արդարացի բաշխում է: Սեփականության իրավունքն իր հետ բերում է նաև պարտականություններ: Նրանք, ովքեր ունեն մեծ եկամուտ կամ ավելի շատ սեփականություն, քան մյուսները, պետք է նաև ավելի մեծ ներդրում ունենան հասարակության բարեկեցության գործում:
Կարիքը, արժանիքը, ներդրումը և ջանքերն արդարության գնահատման չափանիշներից են, որոնց միջոցով տարբերակված մոտեցում է ցուցաբերվում մարդկանց, նրանց գործունեությանը։
Արդարությունն ունի երկու «երես»` իրավական և բարոյական, որոնցից առաջինը կարգավորվում է օրենսդրությամբ, իսկ երկրորդը` հասարակական կյանքի այն կանոններով, որոնք անվանում են բարոյական նորմեր։
Առաջին դեպքում արդարությունն ապահովվում է օրենքների, որոշումների, հրամանագրերի, կարգերի և իրավական այլ փաստաթղթերի միջոցով, որոնցից բխում է, թե ինչ իրավունքներ և պարտականություներ ունի մեզնից յուրաքանչյուրը։
Օրենսդրության կարևորագույն խնդիրը հասարակության բոլոր անդամների համար արդարություն ապահովելն է։
Օրենքները և այլ նորմատիվ իրավական ակտեր ստեղծում է պետական իշխանությունը, որն ապահովում է դրանց կատարումը։
Մարդն ունի ոչ միայն իրավական, այլև բարոյական պատասխանատվություն՝ հնազանդվելու արդար օրենքներին։ Նմանապես, մարդը բարոյական պատասխանատվություն ունի չհնազանդվելու անարդար օրենքներին։
«Անարդար օրենքն օրենք չէ ընդհանրապես»
Ոչ մի դեպքում չի կարելի խույս տալ կամ արհամարհել օրենքները… Դա կտանի դեպի անիշխանություն։
Մարդը, որը խախտում է անարդար օրենքը, պետք է դա անի բաց ձևով, պատրաստակամ լինի ընդունելու պատիժը։ Անհատն իրականում արտահայտում է օրենքի հանդեպ բարձրագույն հարգանք, երբ խախտում է մի օրենք, որն, ըստ իր գիտակցության, անարդար է, և կամավոր ընդունում է ազատազրկման պատիժը, որպեսզի բարձրացնի հասարակության անդամների գիտակցությունն այդ անարդարության նկատմամբ:
Արդարության բարոյական կողմն առնչվում է ճշտի և սխալի, բարու և չարի, արդարի և անարդարի, պարտքի և խղճի մասին մարդկանց պատկերացումներին։ Բարոյականությունն առնչվում է այն կանոններին, որոնցով կարգավորվում է մարդու վարքագիծը հասարակության մեջ։ Նա թելադրում է մեզ անել ինչ-որ բան կամ արգելում է կատարել մեկ այլ բան։ Չնայած դրան՝ բարոյականի և իրավականի միջև հստակ սահմաններ դնելը դժվար է։
Բարոյական կանոնները ձևավորվում են հասարակության կողմից, և դրանց հիման վրա ստեղծվում է, որոշակի հասարակական կարծիք։
Աշխարհի որևէ վայրում տեղի ունեցող անարդարությունը սպառնալիք է համընդհանուր արդարությանը։
Իրական կյանքում իդեալական ոչինչ չկա, հետևաբար իդեալական արդարություն ևս չկա: Սակայն, դա չի նշանակում, որ նրան կարելի է մատների արանքով նայել:
Արդարությունն այն եզակի երևույթներից մեկն է, որ մարդն ամեն վայրկյան առնչվում է նրան: Հազիվ թե, մարդու մոտ առանձնացնենք թեկուզ մեկ հատկանիշ, որի հետ արդարությունն անմիջականորեն չառնչվի:
Արդարությունը կյանքի բացառիկ արժեքներից մեկն է, որը շնչառության պես՝ մշտապես ուղեկցում է մարդուն:
Արդարության ոտնահարումը՝ արժեքների ոտնահարում է, որը կարող է մարդուն հանել հավասարակշռությունից և նրան մղել՝ ընդհուպ անկանխատեսելի քայլերի:
Արդարությունը շատ զգայուն կատեգորիա է և նրա շարունակական ոտնահարումները՝ մարդու ներսում գլուխ են բարձրացնում անհանդուրժողականություն, անհարմարվողականություն, ըմբոստություն, վիրավորանք, ատելություն, վրեժ…:
Արդարությունը մարդու ներսում դրված այն եզակի հատկանիշներից մեկն է, որը խախտելով՝ կարծես թե խախտում ես մարդու ֆունկցիոնալ հավասարակշռությունը և ուղղակիորեն հարվածում մարդու արժեհամակարգին:
Եթե մարդկությունը դադարեցնի պայքարն արդարության համար, ապա կյանքն էապես կշեղվի իր բնականոն ճանապարհից և այն լիովին կիմաստազրկվի:
Հենց այն հանգամանքը, որ արդարությունն ի հայտ է եկել մարդու ծննդյան հետ, դա մեկ անգամ ևս հավաստում է, որ այն մարդ արարածի կյանքի անբաժան բաղադրիչներից մեկն է:
Անարդարությունը հանդուրժելու մի սահման կա, որից այն կողմ գործող հավասարակշռություններն անպայմանորեն խախտվում են, որոնք կարող են ծնել անկանխատեսելի հետևանքներ: Չափազանց վտանգավոր է անուշադրության մատնել ժողովրդի հավաքական ուժը, քանզի այն շատ ավելի ահեղ ու վտանգավոր է, քան հաճախ` երկրաշարժերն ու հրաբուխները:
Երբեմն արդարությունը երազանք է թվում, դրախտի մասին հիշողություն:
Կամ ուտոպիա, անիրագործելի մի բան: Որովհետև մեզ թվում է, որ արդարությունը մի բան է, որը մեզ պիտի նվիրեն: Ինչ-որ մարդիկ մեզ համար արդարություն պիտի ստեղծեն…
Ինչպե՞ս կարող է արդարությունը բոլորի համար նույն կերպ սահմանվել ու նույնը լինել:
Չի կարող: Այդ պատճառով յուրաքանչյուր ոք պիտի հստակ գիտակցի, որ արդարությունը գործընթաց է, մշտական ու հարափոփոխ, որի մեջ ինքը պիտի ներդրում ունենա:
Արդարությունը համատարած կլինի միայն այն ժամանակ, երբ բոլորը կամ մարդկանց մեծ մասը հասկանա, որ ամեն ինչ սկսվում է իրենից: Ինչպե՞ս կարող ես արդարություն սպասել կամ պահանջել այլ մարդկանցից, քո ընկերներից կամ քո վերադասից, քո պետությունից կամ իշխանությունից, երբ ինքդ քո բաժին արդարությունը կյանքի չես կոչում:
Արդարությունը համակարգ չէ, այն կյանք է՝ փխրուն կյանք, ճիշտ նորածնի պես: Այն ամեն օր նոր ծնված երեխայի պես հանձնվում է մարդուն, ու նա է որշում՝ կերակրել, խնամել, աճեցնել ու հոգ տանել այդ երեխայի մասին, թե, անուշադրության ու սովի մատնելով, սպանել նրան: Ամեն առավոտ արթնանալուց հետո քեզ հնարավորություն է տրվում արդար գործելու: Չես կարող մի անգամ, մի օր արդարություն հաստատել ու անցնել առաջ: Սա ենթադրում է անվերջ ստեղծագործական աշխատանք: Ինչու՞ ստեղծագործական: Որովհետև այստեղ չկա որևէ բանաձև: Չես կարող ունեցածդ արդարությունը վերցնել ու փռել բոլորի վրա: Բայց միշտ կարող ես յուրաքանչյուրին տալ իր բաժին արդարությունը:
Ինչպես ամեն ճշմարիտ երևույթ, արդարությունը նույնպես ներսի որակ է: Արդարությունը, ոչ արդարամտությունը: Որովհետև միայն արդար մտածելը բավական չէ: Պիտի արդար զգաս նաև, արդար լինես:
Ավելի բարձր արժեք չկա, հանուն որի արժե պայքարել, և այնտեղ, ուր արդարությունը խախտված է, ամեն բան սխալ է այլևս: