Ընդունելով ի գիտություն, որ մեր Հայրենիքը ճգնաժամային իրավիճակում է, պետական կառավարման մարմինները գրեթե անգործության են մատնված, երկրի միջազգային հեղինակությունը էապես տուժել է, հայկական սփյուռքը կորցրել է իր կենսունակությունը, հայոց երկու պետականությունների ինքնիշխանությունը վտանգված է,
Կարևորելով ներկա իրավիճակում ճգնաժամերի հաղթահարման Սահմանադրական եղանակները,
Նպատակ ունենալով հնարավորինս արագ և արդյունավետ իրականացվող փոփոխությունների միջոցով նպաստել Սահմանադրական մարմինների աշխատանքի արդյունավետության, հեղինակության բարձրացմանը,
Բարձր գնահատելով ՀՀ Նախագահի անձնական և մասնագիտական որակներն ու կարողությունները, միջազգային կապերն ու հեղինակությունը,
Ողջունում ենք ՀՀ նախագահի՝ քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ անցկացնելու նախաձեռնությունը, որը կնպաստի ազգային համերաշխության մթնոլորտի ձևավորման համար անհրաժեշտ կառուցակարգերի ու կայուն քաղաքական հարթակի կայացմանը, պատերազմից ավերված և կորուստներ կրած Հայրենիքի վերականգնման ու արժանապատիվ զարգացման համար հիմքերի նախապատրաստմանը:
Կոչ ենք անում Գործադիր և Օրենսդիր մարմիններին համապատասխան իրավական ակտերով ՀՀ նախագահին մանդատ տալ գործելու արտաքին դիվանագիտական ասպարեզում, մեր երկիրը ներկայացնելու միջպետական հարաբերություններում, օտարերկրյա պետությունների ղեկավարների հետ հանդիպումներում։
Միաժամանակ, ամբողջությամբ պաշտպանում ենք ՀՀ նախագահի դիրքորոշումն՝ ուղղված ներքին քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը։ Համոզված ենք, որ ՀՀ նախագահը պիտի դառնա ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման և դրան հաջորդող սահմանադրական բարեփոխումների երաշխավորը: